Logo

ԵԼ. «Նոան» չհաղթեց Ջիբրալթարում

22:12 / 07.08.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց:

9-րդ րոպեին հայկական թիմից հաշիվը բացեց կամերունցի կիսապաշտպան Յան Էտեկին: Առաջին խաղակեսին ավելացված 8-րդ րոպեին Էտեկին «Նոայի» տուգանային հրապարակում խախտեց կանոնները. 11-մետրանոց նշանակվեց: Նշակետից հարվածեց Թիջեյ Դե Բարը: Օգնյեն Չանչարևիչը սեյվ կատարեց, սակայն ջիբրալթարցի հարձակվողը գնդակը երկրորդ հարվածով ուղարկեց «Նոայի» դարպասը:

90-րդ րոպեին «Նոան» լավ դիրքում տուգանային հարված վաստակեց: Մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը տպավորիչ գոլ խփեց, սակայն մրցավարը չեղարկեց դարպասի գրավումը, քանի որ Արտակ Դաշյանը հարվածի ժամանակ թույլատրվածից շատ էր տեղից պոկվել և խանգարել մրցակցի` պատ կազմած ֆուտբոլիստներին:

«Նոան» մեկ շաբաթ անց Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում կընդունի «Լինքոլնին», մեկնարկը` ժամը 21:00-ին:

Եվրոպա լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) - «Նոա» (Հայաստան)` 1-1 (տեսանյութ)

Թիջեյ Դե Բար, 45+9 - Յան Էտեկի, 9

Չիրացված 11-մետրանոց` Թիջեյ Դե Բար, 45+8 («Լինքոլն»)

fastnews-ads-banner