Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով (1-1): Իսկ «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Պրահայում 1-4 խոշոր հաշվով զիջեց չեխական «Սպարտային»:
FastNews-ը հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:
1. «Նոան» եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 2-րդ ոչ-ոքին գրանցեց՝ 3-րդ անընդմեջ խաղում չկարողանալով հաղթել մրցակցին: Մինչև այդ Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցակցի դաշտում 2-2 հաշվով էր ավարտել հանդիպումը Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» հետ:
«Նոան» եվրագավաթների ընթացիկ խաղարկության բոլոր 5 հանդիպումներում էլ գրավել է մրցակիցների դարպասը՝ խփելով 8 գոլ: Իսկ վերջին 4 հանդիպումներում «Նոային» չի հաջողվել դարպասն անառիկ պահել՝ բաց թողնելով 9 գնդակ:
2. «Նոան» 2-րդ անգամ է մասնակցում Եվրոպա լիգայի մրցաշարին: Առաջին ելույթը կայացել է 2020/21թթ. խաղարկությունում, որում հայկական թիմը հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել է ղազախական «Կայրաթին»: Դա եվրագավաթներում «Նոայի» նորամուտի խաղն էր: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունը մեկ խաղից էր:
3. «Արարատ-Արմենիան» եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունը կրեց, որը 8-րդն էր անցկացրած 25 հանդիպումներում: Հայաստանի գործող սուպերգավաթակիրը եվրագավաթների մրցաշարերում առաջին անգամ խոշոր հաշվով պարտվեց: Մինչև այդ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ամենամեծ առավելությանը հասել էր շվեդական ԱԻԿ-ը, որը 2019/20թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում սեփական դաշտում հաղթել էր 3-1 հաշվով:
4. Հայաստանի գործող չեմպիոնը 2-րդ անգամ հանդես եկավ եվրագավաթների որակավորման 3-րդ փուլում: Նախորդ մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Նոան» հաղթահարել էր հունական ԱԵԿ-ի արգելքը՝ 3-1, 0-1: Ընդհանուր առմամբ եվրագավաթներում անցկացրած 22 խաղերում: Հայաստանի չեմպիոնը 8 հաղթանակ է տարել, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 10 պարտություն, խփել է 34 գոլ, բաց է թողել 40 գնդակ:
5. «Արարատ-Արմենիան» 2-րդ անգամ է մասնակցում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլին: Նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ մրցավեճում դուրս էր մնացել հետագա պայքարից՝ 0-1, 3-3:
«Արարատ-Արմենիան» 4-րդ անգամ հանդես եկավ եվրագավաթների որակավորման 3-րդ փուլում: Թիմի համար առաջին երկու ելույթները Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում հաջող էին: 2019/20թթ. «Արարատ-Արմենիան» հաղթահարել էր վրացական «Սաբուրթալոյի» արգելքը (1-2, 2-0), իսկ հաջորդ մրցաշրջանում պայքարից դուրս էր մղել սլովենական «Ցելյեին»՝ 1-0:
6. «Նոան» եվրագավաթներում առաջին անգամ մրցեց Ջիբրալթարի ներկայացուցչի հետ: Իսկ ահա «Լինկոլն Ռեդ Իմպսը» 2019/20թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում հանդիպել էր «Արարատ-Արմենիայի» հետ: Երկու խաղերում էլ հաղթել էր հայկական ակումբը՝ 2-0, 2-1:
2016/17թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» չէր կարողացել հաղթահարել «Եվրոպայի» արգելքը՝ 0-2, 2-1:
Ընդհանուր առմամբ Ջիբրալթարի ներկայացուցիչների հետ անցկացրած 5 հանդիպումներից 3-ում հաղթել են հայկական թիմերը, մեկում գրանցվել է ոչ-ոքի, մեկում հաղթել է մրցակիցը: Հայկական թիմերը 7 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 5 գնդակ:
7. «Արարատ-Արմենիան» էլ եվրագավաթներում առաջին անգամ մրցեց չեխական թիմի հետ: «Սպարտան» Չեխիայի 7-րդ ներկայացուցիչն էր, որ եվրագավաթներում մրցավեճի բռնվեց հայկական թիմի հետ: Կայացած 12 հանդիպումներում հայկական թիմերն ընդամենը 3 հաղթանակ են տոնել, մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 8 պարտություն, խփել են 11 գոլ, բաց են թողել 27 գնդակ: Չեխական թիմի հետ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում, որում «Նոան» 2-0 հաշվով հաղթել էր «Մլադա Բոլեսլավին»:
8. Յան Էտեկին բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ ընդգրկվելով «Նոայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Էտեկին մրցակցի դարպասը գրավեց 27 տարեկան 346 օրականում:
9. Խուան Բալանտան էլ առաջին գոլը խփեց «Արարատ-Արմենիայում»: Նա էլ ընդգրկվեց եվրագավաթներում թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Սպարտայի» դարպասը գրավելով 28 տարեկան 157 օրականում:
10. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոայի» դարպասին 11մ 2-րդ հարվածը նշանակվեց: Թեև Օգնյեն Չանչարևիչը հետ մղեց Թիջեյ Դե Բարի հարվածը, սակայն երկրորդ հարվածով վերջինս գրավեց դարպասը: Նման դեպք տեղի էր ունեցել նաև Ալեքսեյ Պլոշադնու հետ անցյալ տարվա դեկտեմբերին սերբական «Բաչկա Տոպոլայի» հետ մրցավեճում, երբ Իֆեթ Ջակովացը հետ մղված գնդակը երկրորդ հարվածով ուղարկել էր դարպասը:
«Արարատ-Արմենիան» առաջին անգամ պատժվեց 11մ հարվածով, որն իրացրեց Վելժկո Բիրմանչևիչը: