Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում կանցկացնի հերթական հանդիպումները: Այս անգամ մեր մրցակիցներն են Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականները:
Տարբերությունները սեպտեմբերին կայացած և առաջիկա 2 հանդիպումների միջև
Սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը շատ վատ արդյունքներով ու ոչ բավարար բարոյահոգեբանական վիճակով մոտեցավ Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ խաղերին: Նախորդ 4 խաղում մերոնք հաղթանակ չէին տարել, կրել էին 3 պարտություն և դրանցից 2-ում բաց էին թողել առնվազն 5 գոլ: Բարդ ժամանակահատվածում հավաքականը գլխավորած Եղիշե Մելիքյանի համար ավելի բարդ նորամուտի խաղ չէր կարող լինել, քան Կրիշտիանու Ռոնալդուի առաջնորդած Պորտուգալիային հանդիպելը: Ինչպես և ակնկալվում էր, մենք չկարողացանք դիմադրել ահեղ մրցակցին ու պարտվեցինք 0-5 հաշով, բայց Մելիքյանը և իր մարզչական շտաբը կարողացավ 3 օրում վերականգնել ֆուտբոլիստների ֆիզիկական և հոգեբանական վիճակն ու ճիշտ մոտենալ իռլանդացիների դեմ խաղին: Արդյունքում 90 րոպե տակտիկապես գրագետ խաղի շնորհիվ Իռլանդիային հաղթեցինք 2-1 հաշվով:
Ի տարբերություն այդ խաղերի՝ այժմ մեր հավաքականը 2 խաղ է անցկացնելու արդեն մրցակցի դաշտում: Այդ առումով բնականաբար ավելի բարդ է լինելու: Հունգարիայի հավաքականն ավելի քան 1 տարի տանը չի հաղթել, իսկ հայրենիքում անցկացրած պաշտոնական խաղում վերջին անգամ իր երկրպագուներին ուրախացրել է 2023 թվականի նոյեմբերին: Կարելի է պատկերացնել, թե նույնիսկ մի քանի կարևոր ֆուտբոլիստի բացակայության պայմաններում ինչպիսի մոտիվացիայով են հունագարացիները խաղալու մեր դեմ:
Իռլանդիայի հավաքականն էլ հունգարացիների նման 2 խաղում 1 միավոր է վաստակել: Նախքան Դուբլինում Հայաստանի հավաքականին ընդունելը՝ իռլանդացիները հյուրընկալվելու են Պորտուգալիային, որտեղ կրկին կարող են միավորներ չվաստակել, և նրանց համար էլ Հայաստանի դեմ տնային խաղում այլ տարբերակ չի դիտարկվելու, քան հաղթանակը:
Մելիքյանի հրապարակած հայտացուցակը
Եղիշե Մելիքյանն ի սկզբանե 26 ֆուտբոլիստ էր հրավիրել ազգային թիմ, որոնցից 14-ը ներկայացնում էր Fastex Պրեմիեր լիգան, 12-ը լեգեոնականներ էին: Հավաքի ընթացքում վնասվածք ստացավ և հավաքականի ճամբարից հեռացավ Էդգար Սևիկյանը, բայց ֆուտբոլիստների քանակը պահպանվեց, քանի որ Մելիքյանը թիմ հրավիրեց «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանին, որի համար սա առաջին հրավերն է ազգային թիմից:
Սեպտեմբերին կայացած խաղերի համեմատ՝ այս անգամ բացակայում են Հովհաննես Հարությունյանը, Արտակ Դաշյանը, Գոռ Մանվելյանը, Դանիել Աղբալյանը, Ալբերտ Խաչումյանը և Նորբերտո Բալեկյանը: Տևական դադարից հետո կրկին հրավեր է ստացել Դավիդ Դավիդյանը:
Գաղտնիք չէ, որ մեր հավաքականը ռեսուրսի խնդիր ունի, սակայն կան դիրքեր, որտեղ մրցակցությունը մեծացել է, և շատ ֆուտբոլիստներ չեն հրավիրվում պարզապես իրենց դիրքում ուժեղ մրցակցության պատճառով: Օրինակ՝ «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որն ապաքինվել է վնասվածքից և մի քանի խաղ անցկացրել Ռումինիայի առաջնությունում: Կան նաև Ռուսաստանում, Արգենտինայում և այլ երկրներում ելույթ ունեցող ֆուտբոլիստներ, որոնք այդ նույն պատճառով տեղ չեն գտել հայտացուցակում այն դեպքում, որ այլ հավասար պայմաններում կարող էին լինել հավաքականում և ինչու ոչ մասնակցել խաղերին:
Սպասելիքներն առաջիկա խաղերից
Վերջին շրջանում անդադար պարտությունները հանգեցրել են նրան, որ շատ ֆուտբոլասերներ և ոլորտի ներկայացուցիչներ հավաքականից ակնկալում են գոնե «թասիբով» խաղ՝ արդյունքները մղելով երկրորդ պլան: Բայց գլխավոր մարզիչը որևէ պարագայում չի կարող հանդերձարանում այդ նույնը պահանջել ֆուտբոլիստներից և չմտածել արդյունքի մասին: Բնականաբար, մեր ֆուտբոլիստներն ու մարզիչներն էլ գիտեն՝ ինչ պատկեր է մրցաշարային աղյուսակում, և այդ ամենն իրենց մտքերում խաղալու են հունգարացիների ու իռլանդացիների դեմ: Մրցաշարային աղյուսակում ստեղծված պատկերն էլ շատ պարզ է. այս պահին մենք ավելի բարձր տեղում ենք առաջիկա մրցակիցներից և կայանալիք խաղերում չպարտվելու դեպքում կրկին նրանցից առաջ ենք լինելու: Որքան բարդ է այդ առաջադրանքը կատարելը, նույնքան պարզ է մաթեմատիկական հաշվարկը. 2 խաղում 4 միավոր վաստակելն իդեալական տարբերակ կլինի մեզ համար, բայց եթե ոչ դա, գոնե պետք է հաղթել խաղերից մեկը և նոյեմբերին կայանալիք վերջին հանդիպումներից առաջ մնալ մրցակցության կիզակետում:
Հունգարիա - Հայաստան և Իռլանդիա - Հայաստան հանդիպումները կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):